Առաջին “Tinder”-ը շների համար աշխարհում

Մեզանից շատերն ունեն ընտանի կենդանիներ և առօրյա գրաֆիկի հետ մեկտեղ երբեմն մոռանում ենք նրանց պատվաստման օրերը, զուգավորման շրջանը և հաճախակի բախվում ենք խաղընկեր գտնելու խնդրի հետ: Նմանատիպ խնդիրներին լուծում տալու համար մի խումբ երիտասարդներ ստեղծել են հավելված:

Հավելվածի հիմնադիր տնոօրեն Վաչե Սահակյանը նշում է, որ Gabby-ն ոչ միայն շների ծանոթությունների հավելված է, այլ նաև առողջությանը հետևելու:

Հավելվածը ստեղծելու գաղափարը ծագել է Վաչե Սահակյանի մոտ, երբ, նա տարիներ առաջ փորձում էր գտնել խաղընկեր իր բիգլ ցեղատեսակի շան համար:

<<Ըստ բժշկի ցուցումների օրական 7 ժամ պետք է շանս հետ զբոսնեի, վազացնեի ու խաղայի: Ուսանողական խիտ գրաֆիկի և աշխատանքի հետ մեկտեղ հնարավոր չէր 7 ժամ հատկացնել շանս: Սկսեցի փնտրել համացանցում, թե ինչպես կարող եմ 7 ժամվա ակտիվությունները իրականացնել 2 ժամում>>:

Համացանցում, բնականաբար լուծում չգտնվեց և Վաչեն եկավ այն մտքին, որ լավագույն տարբերակը այլ շների հետ խաղալն էր: Վաչեի բիգլը չափերով փոքր էր, և, բնականաբար նրան չէին կարող խաղընկեր լինել հսկա շները: Այստեղ էլ ծագեց հավելված ստեղծելու գաղափարը:

Gabby-ն աշխատում է ծանոթությունների հավելված Tinder-ի նման: Այսինքն, այստեղ նույնպես թերթում ենք նկարները և մյուս օգտատիրոջ հետ փոխադարձ հավանության դեպքում բացվում է զրուցարանը:

Հավելվածը, ինչպես արդեն նշեցինք, հնարավորություն է տալիս մոնիթորինգ անել նաև շան առողջական վիճակը:

<< Ըտրում եք ցեղատեսակը, նշում քաշը և ծրագիրը տրամադրում է տեղեկություն ձեր շան քաշի մասին:>>

Gabby-ն բավականին հեշտ, պարզ և ընկալելի է օգտատերերի համար: Գրանցումը ևս իրականացվում է մի քանի պարզ քայլով` ներբեռնում եք App Store-ից կամ Google Store-ից և նշելով էլ հասցեն, կամ Google/ iOS ID-ն մուտք եք գործում: Հավելվածը հոգացել է նաև օգտատերերի գաղտնիության մասին` երևում է միայն տարիքը, սեռը և լուսանկարը: Վերջինս հայաստանյան շուկայի համար դեռ պարտադիր նախապայման չէ, սակայն, որոշ ժամանակ անց` կլինի:

Օգտատիրոջ գրանցումից հետո սկսվում է շան գրանցումը: Այստեղ արդեն շան նկարը տեղադրելը պարտադիր նախապայման է: Շնորհիվ հավելվածի ալգորիթմի չեք կարող շան նկարը փոխարինել մարդու, կամ այլ առարկայի նկարով:

Ներկայումս Gabby-ն ունի սահմանափակ գործառույթներ, բայց, նոր թարմացումը երկար սպասեցնել չի տա: Շուտով կավելանան նոր ցեղատեսակներ, օգտահաշիվը խմբագրելու հնարավորություն, նաև որոշակի գործառույթների համար կսահմանվի վճար:

Gabby-ն հասանելի է թե՛ Android, և թե՛ iOS օպերացիոն համակարգերի համար:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *